Բլոգ

Մուտք / Ելք

Հյուր

Չափահաս (2), Երեխա (0)
  • Չափահաս (6+)

  • Երեխա (0-5)

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի հիմնադրին, հյուրանոց, որը ստեղծվել է «Ժողովրդական արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամի ֆինանսական ծախսերը հոգալու համար։ «Repat Armenia» կազմակերպությանը տված այս հարցազրույցը ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե ինչպես է Լևոն Դեր Բեդրոսսյանը հայրենադարձվել Հայաստան և ստեղծել հյուրանոցն ու հիմնադրամը: Հարցազրույցից կներկայացնենք որոշ հատվածներ միայն,  սակայն ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://repatarmenia.org/article/my-way-home/levon-der-bedrossian-the-long-way-home

 

Ե՞րբ եք առաջին անգամ այցելել Հայաստան և ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը:

-Առաջին անգամ կնոջս հետ Հայաստանում եմ եղել 1982 թվականին: Ես միշտ կապված եմ եղել իմ հայկական ժառանգության հետ, բայց այստեղ առաջին անգամ լինելն այլ էր: Ուր էլ գնայինք, մարդիկ հայերեն էին խոսում, երկրի մասին երազանքներս իրականություն էին դարձել։ Հիշում եմ՝ մենք տաքսի նստեցինք և ինչ-որ պահի անհանգստացանք, քանի որ ճանապարհը շատ երկար էր տևում: Վարորդը նկատեց դա և ասաց, որ չանհանգստանանք, նա մեզ ցույց էր տալիս Երևանի տարբեր հատվածները։ Մեր ցանկացած վայր հասնելուն պես նա որևէ վճար չընդունեց: «Դուք մեր հյուրերն եք», - ասաց նա: Ես հուզված էի։ Մեկ այլ տեղում սա չէր կարող պատահել, միայն Հայաստանում։ Ես դեռ հիշում եմ նրա անունը․ այն Վարդան էր՝ հայրիկիս անունը։

Երկրորդ անգամ Հայաստան այցելեցի երկրաշարժից անմիջապես հետո։ Երբ այն տեղի ունեցավ, ես Սան Ֆրանցիսկոյում էի: Ես չէի կարող նույնիսկ աշխատանքի գնալ, ես պարզապես չէի կարող հավատալ, թե ինչ է տեղի ունեցել, ու ես պետք է ինչ-որ բան անեի:

«Հող և մշակույթ» կազմակերպության մի խումբ անդամների միացա և գնացի Սպիտակի տարածաշրջանի Գոգարան գյուղ։ Չափազանց ծանր ու տրավմատիկ էր, բոլորը բախվել էին ավերիչ կորուստների։ Բայց ես չէի պատկերացնում, որ ես այլ տեղում լինեի այդ պահին: Ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի:

 

Ինչպե՞ս այդ փորձառությունը փոխեց ձեզ և ինչպե՞ս այն ազդեց ձեր որոշումների վրա:

-Երկրաշարժից հետո տարին արդեն երկու անգամ էի լինում Հայաստանում։ Հայաստան կատարած ճամփորդությունները ինքնաբացահայտման ճամփորդություններ էին։ Ես հասկացա, թե որքան կարևոր է մեր հողը։ Գիտեի, որ պետք է կանոնավոր կապի մեջ մնամ հայրենիքիս հետ: Ինչ-որ պահի ես հայտնաբերեցի, որ Մատենադարանում, իր բազմաթիվ գանձերի մեջ, պահվում էին 15-րդ դարի կենդանակերպի նշանների հին հայկական պատկերներ: Պատկերները խիստ խորհրդանշական և էզոթերիկ էին: Դիզայներ ընկերոջս օգնությամբ ես պատրաստեցի այդ հոյակապ պատկերներով բացիկներ՝ մեր ժառանգությունը գովազդելու համար: Գորգեր հավաքելը նույնպես իմ կիրքն է, քանի որ դրանք ներկայացնում են մեր դարավոր ավանդույթի ողնաշարը:

 

Կարո՞ղ եք մի փոքր պատմել «Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամի և «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի մասին:

- 2014-ին ես հիմնեցի և՛ «Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամը, և՛ «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը: Հիմնադրամի նպատակն է վերակենդանացնել ժողովրդական արվեստի բոլոր տեսակները։ Դրանք ներառում են գորգեր, ասեղնագործություն, ստվերային թատրոն, ամեն ինչ: Մի օր Արագած գյուղ այցելելուց հետո տեսա տեղի դպրոցները ծանր վիճակում և տխրեցի՝ տեսնելով, որ երեխաները հնարավորություն չունեն սովորելու ժողովրդական արվեստի հմտություններ: Այսպես, ես հիմնեցի «Տորքի որդեգրում» նախագիծը, որի նպատակն է երեխաներին գորգագործություն սովորեցնել Երևանում, ինչպես նաև այլ մարզերում՝ Արագածոտնում, Տավուշում, Արմավիրում և Կոտայքում:

«Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամը կազմակերպում է բազմաթիվ սեմինարներ: Դրանք ներառում են գորգագործություն, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ, Այրուձի ակումբի ստվերային թատրոնի ներկայացումներ և բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք անցկացվում են «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում: Նպատակը ոչ միայն հայկական ժողովրդական մշակույթի պահպանումն է, այլ նաև հմտությունների զարգացումը, որոնք ապագայում կարող են եկամտի աղբյուր ստեղծել։

«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը և «Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամ գործում են տարածքում: Հյուրանոցի բոլոր անկյունները զարդարված են հին հայկական գորգերով. այն, ըստ էության, արտեֆակտների կենդանի թանգարան է: Յուրաքանչյուր սենյակ կրում է հայկական մշակույթի ոգին: Տեղացիները և զբոսաշրջիկները կարող են մասնակցել գորգագործության և լավաշ պատրաստելու վարպետության դասերին: Հյուրանոցից ստացված հասույթը ուղղվում է «Ժողովրդական արվեստի Հանգույց» հիմնադրամի և նրա ծրագրերի ֆինանսավորմանը:

․․․

Ինչ վերաբերում է ինձ, ես հիմա գնում գալիս եմ Երևանից Սան Ֆրանցիսկո, բայց շուտով կտեղափոխվեմ Հայաստան։ Ես շնորհակալ եմ Հայաստանում իմ բացառիկ փորձառությունների համար, և դրա շնորհիվ ես ավելի երջանիկ և հարուստ մարդ եմ հոգևոր առումով։

×

Գրանցվել